about khani

Լռության գույները

Իմ երկարամյա գործունեության ընթացքում գրել եմ բազմաթիվ հոդվածներ տարբեր բնագավառների, հատկապես արվեստի ասպարեզի տաղանդավոր մարդկանց, մասնավորապես նկարիչների մասին։ Սակայն այս մեկն ուրիշ է, յուրօրինակ, հուզական, հոգեթրթիռ ու հազվադեպ։ Ակամա համոզվում ես, որ, իսկապես, անքնին են Աստծո գործերը։ Կյանքը ցույց է տալիս, որ եթե Նա՝ Բարձրյալը, մեկ դուռ փակում է, մեկ այլ դուռ է բացում մեր՝ մահկանացուներիս առջև, և մենք ականատես ենք լինում… հրաշքի։

1995 թվականի հունիսի 25֊ին Երևանում ապրող Խառատյանների ընտանիքում ծնվեց մի չքնաղ աղջնակ, որին անվանեցին Անի։ Փոքրիկը մեծանում էր սիրո ու գուրգուրանքի մեջ։ Ծնողները՝ Էդգար և Մարգարիտա Խառատյանները, պապիկն ու տատիկը խենթանում էին նրա համար, բայց նա չէր շփանում, հրեշտակային դեմքին միշտ ժպիտ էր փայլում, աչքերում՝ խոնարհություն ու բարություն։

Անին երկու տարեկան էր, երբ ծնողները սարսափով հասկացան, որ նա չի լսում, հետևաբար նաև չպիտի կարողանար խոսել։ Հարվածը սոսկալի էր։ Բայց, ինչպես ժողովուրդն է ասում, Աստված ցավը տվեց սարերին, սարերը չտարան, տվեց մարդուն, մարդը տարավ։ Ծնողները հնարավոր ու անհնար ամեն ինչ արեցին, հազար դուռ բախեցին, մեծանուն բժիշկների դիմեցին, բայց… Հնարավո՞ր է խույս տալ մի բանից, որ Աստված ինքն է վերուստ սահմանել։ Ուստի, ինչպես լինում է նման դեպքերում, սրտի կսկիծով համակերպվեցին ու սկսեցին մտածել փոքրիկի կյանքի ուղին ճիշտ գծելու, նրա ապագան խելացի կազմակերպելու ուղղությամբ։Երբ լրացավ Անիի յոթ տարին, դժբախտությանը համակերպված ծնողները նրան տեղավորեցին թույլ լսողություն ունեցող երեխաների դպրոցում։ Չափազանց խելացի, միաժամանակ խոնարհ ու բարի փոքրիկը, ինչպես բնորոշ է երեխաներին, արագ ընտելացավ իր կարգավիճակին, սիրեց ընկերներին և ուսուցիչներին ու սիրվեց փոխադարձաբար։ Նա լավ էր սովորում, բոլոր երեխաների նման ուներ նախասիրություններ, որոնցից ամենից շատ սիրում էր նկարելը։

Ութերորդ դասարանում նրա հիմնական զբաղմունքը դարձավ նկարչությունը։ Պապիկը՝ Բորիս Խառատյանը, որ ավարտել էր Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի նկարչական բաժինը, շատ շուտ նկատեց սիրելի թոռնիկի բնածին հակումները։ Նրա սուր աչքից չվրիպեցին աղջկա աստվածատուր ձիրքը, գույների զարմանալի ընկալումը, գեղեցկի զգացողությունը։ Տեսավ այդ ամենը և սկսեց լրջորեն զբաղվել թոռնուհու աստվածատուր տաղանդը ճիշտ հունի մեջ դնելու, հղկելու և բյուրեղացնելու ուղղությամբ։ Նրա նետած հունդերն ընկնում էին պարարտ հողի մեջ, օրեցօր ուռճանում ու հասունանում։

Անիի կյանքում հսկայական դեր ունեցավ Բորիս Խառատյանի մտերիմ ընկերը՝ հանրապետությունում ճանաչված տաղանդավոր գեղանկարիչ Ժորա Բարսեղյանը։ Անին նրա համար գյուտ էր, սիրելի փոքրիկ էակ, որին վերաբերվում էր քնքուշ սիրով ու հոգատարությամբ։ Մոտ երկու տարի նա զբաղվեց աղջկա նկարչական բնատուր ընդունակությունները զարգացնելու շնորհակալ գործով։ Հանձին նրա մենք տեսնում ենք ոչ միայն հրաշալի գեղանկարչի, այլ զարմանալի մարդու, մեծատառո՛վ մարդու։ Պատկերացնո՞ւմ եք, որպեսզի հասկանա աղջկա լեզուն և կարողանա նույն լեզվով պատասխանել նրան, մեծ սիրտ ունեցող այդ մարդը կատարեց մի անհավատալի քայլ՝ սովորեց ձեռքերի շարժումներով հաղորդակցվելու լեզուն։

Աստված, իսկապես, զարմանալիորեն շատ էր տվել այս անմեղ ու բարի աղջկան։ Նա տան սիրելին էր, կո՛ւռքը, անհամեմատելի՛ն։ Տատիկը՝ տիկին Ռիտա Գրիգորյանը, նրան պաշտում էր, սիրում կուրորե՛ն, կնո՛ջ, մո՛ր, տատիկի՛ անչափելի սիրով ու քնքշությամբ։ Ընտանիքի բոլո՛ր անդամներն էին այդպիսին, և նրանց ջանքերի շնորհիվ է աղջիկը մեծացել առողջ ու ինքնավստահ, սիրով լցված ամենքի նկատմամբ։Եվ, այդուամենայնիվ, Անիի հաջողությունների հարցում, ինչ խոսք, ամենամեծ դերը պատկանում է նրա հորը՝ Էդգար Խառատյանին, որը, պատրաստ էր ամեն ինչի, միայն թե իր բալիկը կարողանար երկու ոտքով ամուր կանգնել, դառնար ինքնուրույն, խորանար արվեստի մեջ և ճանաչում ունենար։ Շուտով նա համոզվեց, որ Աստված ինքն էր հոգացել այդ մասին։ Աղջիկն Աստծու պարգև էր և Աստծու ընտրյալ։

Դպրոցը գերազանց գնահատականներով ավարտելուց հետո Անին ընդունվեց Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանը։ Դա մի նոր աշխարհ էր նրա համար։ Ուսումնառության տարիներն ավելի հղկեցին նրա բնատուր տաղանդը, նկարչական ճաշակն ու ընդունակությունները։ Չտված լսողության դիմաց՝ Արարիչը նրան շռայլորեն օժտել էր բացառիկ տաղանդ, շնորհել ներշնչանք, ստեղծագործական մեծ ձիրք, աչքի ու մտքի թռիչք։ Նրա տաղանդը պոռթկուն է, նկարչական մտածողությունը՝ խիստ անհատական։ Այդ բնագավառում նա նման է միմիայն ինքն իրեն, այսինքն՝ ուրույն է ու եզակի։ Տարիներ առաջ է նա ավարտել Թերլեմեզյանի անվան ուսումնարանը, սակայն մինչ օրս Անիի մի քանի նկարներ չեն իջնում այդ կրթական հաստատության պատերից։

Ինչպես արդեն ասացինք, այս պատմության մեջ ամեն ինչ յուրօրինակ է և անհավատալի։ Ահա մեկ փաստ ևս. Թերլեմեզյանի ուսումնարանում հինգ տարի սովորելու ընթացքում Անի Խառատյանը մեկ օր, անգամ մեկ ժամ չի բացակայել դասերից։ Հասկանալի է, որ սա հազվադեպ պատահող դեպք է։ 2013 թվականին Անի Խառատյանը մասնակցեց Չեխիայում կազմակերպված գեղեցկության համաշխարհային մրցույթին, որի խորագիրն էր Miss Default (Միսս լռություն)։ Մրցույթին ներկայացել էին 56 երկրներից ժամանած գեղեցկուհիներ։ Անին արժանացավ Միսս համակրանք պարգևին։ Առանց չափազանցության՝ նա գեղեցկուհի է, որով լրացնում է իր բարեմասնությունները՝ բարությունը, խոնարհությունը, համեստությունը, մաքրասիրությունը և ծայրահեղ բծախնդրությունը բոլոր հարցերում։ Տարիները հաջորդեցին միմյանց։ Սակայն դրանք անպտուղ չանցան։ Դեռևս մանկամարդ պարմանուհի՝ նա ունեցավ երեք անհատական ցուցահանդես, ճանաչում գտավ իր հասակակիցների շրջանում, արժանացավ նաև նկարիչների և առհասարակ արվեստի ասպարեզի ճանաչված մարդկանց բարձր գնահատականին։

2019 թվականի օգոստոսին Անին ամուսնացավ իր դպրոցական դասընկերոջ՝ Հրանտի հետ։ Այս հարցում էլ զգացվեց Աստծո ներկայությունը. ամուսնացան և օրինակելի ընտանիք կազմեցին ճակատագրով միմյանց նման, միմյանց սիրող ու նվիրված երկու երիտասարդ։ Այդ ամուսնությունը մեծ ուրախություն պատճառեց Անիի և Հրանտի ծնողներին, հարազատներին և վերջապես բոլոր նրանց, ովքեր մշտապես մտահոգված են եղել նրանց ճակատագրով։

Նոր իրադրությունը,սիրած երիտասարդի հետ ընտանիք կազմելընոր լիցքեր հաղորդեցին այս տաղանդավոր աղջկան։Նրա աստվածատուր շնորհքն այսօր պոռթկում է անսովոր ուժով,նոր մտահղացումներով,որոնց արդյունքում ծնվում են մեկը մյուսից հետաքրքիր,մեկը մյուսից սքանչելի յուղաներկ կտավներ,որոնք զարմացնում են նկարչական արվեստի գիտակներին ու այդ գործի հմուտ մասնագետներին։

Մեզ մնում է աղոթել և Բարձրյալից հայցել,որ առաջիկայում Անիին և Հրանտին պարգևի առողջ բալիկներ,նրանց կյանքը լցնի հավերժական սիրով ու երջանկությամբ։Տիրոջ անբեկանելի կամքով թող հրաշք կատարվի,անէանա նրանց ուղեկցող թանձրախիտ լռությունը և թող եղիցի, եղիցի։ Ամեն։

Ռուբինա Նազարյան
ՀՀ վաստակավոր մանկավարժ
Մ.Խորենացու անվան մեդալակիր
ԿԳ նախարարության ոսկե մեդալակիր